Մայիսի 17-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) համաշխարհային թանգարանային համայնքի հետ տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00:
Թանգարանային գիշերվա շրջանակներում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի եզակի ցուցադրության բացումը՝ «Կերպափոխվող իրականություն. նորարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում»: Այն ներկայացնում է իտալական դեկորատիվ արվեստի նմուշներ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից. այդ թվում` համաշխարհային ճանաչում վայելող դիզայներներ Գաետանո Պեշեի, Անդրեա Բրանձիի, Պիերո Ֆորնասետիի ստեղծագործությունները: Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու ընթացիկ ժամանակավոր ցուցադրությունները. Պատկերասրահ Մեկում՝«Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» և Սասունցի Դավիթ պարտեզի սրահում՝ «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ»:
Ռեժիսոր Պիտեր Շամոնիի «Հունդերթվասերի Ռեգենթագը» փաստագրական կինոնկարը, որը բացահայտում է ավստրիացի հայտնի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի զարմանալի կերպարը, կցուցադրվի Հատուկ միջոցառումների սրահում` ժամը 14:00-ին և 16:00-ին: Ֆիլմի անվճար հանրային ցուցադրության իրավունքը տրվել է SCHAMONI FILM & MEDIEN GmbH-ի կողմից:
Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվեն նաև երեք կրթական ծրագրեր՝ հիմնված «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ» ցուցադրության վրա.
• «Կախարդական լաբիրինթոս»
Ոգեշնչվելով ավստրիացի մեծանուն արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի վառ ու արտառոց ստեղծագործություններից՝ մասնակիցները կստեղծեն Հունդերթվասերի ոճի կոլաժներ՝ օգտագործելով ընդեղեն և այլ բնական նյութեր:
Ժամը՝ 12:00 - 13:30
14:30 - 16:00
• «Քաղաք Հունդերթվասեր»
Մասնակիցները կստեղծեն եռաչափ «հունդերթվասերյան» շենքեր՝ որպես հիմքընդունելով Հունդերթվասերի փիլիսոփայությունն ու ճարտարապետական մոտեցումները: «Քաղաք Հունդերթվասեր» ծրագիրը վարելու է ճարտարապետ Վազգեն Բրուտյանը:
Ժամը՝ 17:00 -19:00
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, ԳԱԿ-ի բոլոր ցուցասրահների մուտքը կլինի անվճար մինչ 20:00:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առայսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակգործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր,դասախոսություններ և կրթական ծրագրեր: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1000000: